Հայաստանի Հանրապետության օրենքը հաշվապահական հաշվառման մասին

Հոդված 27. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը
1. Բոլոր կազմակերպությունները և խմբերը, բացի փոքր կազմակերպություններից և խմբերից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել:
2. Կազմակերպությունը և խումբը, որոնց տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր են դրանք հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պահանջ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողները, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները, վերաապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերի կառավարիչներն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են համապատասխանաբար «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում:
4. Սույն օրենքով և այլ օրենքներով աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Սնանկության վարույթում գտնվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները կարող են աուդիտի չենթարկվել:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված կազմակերպությունների և խմբերի ֆինանuական հաշվետվությունները ենթակա են հրապարակման աուդիտորական եզրակացության հետ: Առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված:
6. Կազմակերպությունը, որի ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, ֆինանսական հաշվետվությունների պատկերամուտները հրապարակում է իր ինտերնետային կայքում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում: Ընդ որում, եթե կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակել է իր ինտերնետային կայքում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված զանգվածային լրատվության միջոցի պաշտոնական ինտերնետային կայքում, ապա ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) պարտավոր է հրապարակել նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում: Ֆինանսական հաշվետվությունները հրապարակումից հետո առնվազն հինգ տարի պետք է պահպանվեն այն կայքում, որտեղ դրանք հրապարակվել են:
7. Կազմակերպությունն իր՝ օրենքով հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակը կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետները լրանալուց հետո տրամադրում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ այդ մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: